ԱԲՐԱՀԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Պարոն Աբրահամյան, Դուք և ԲՀԿ-ն արդեն ավելի հանգիստ եք, չէ՞:
-Ինչո՞ւ:
-Երկու պատճառով. ա) որ այլևս ընդդիմադի՜ր չեք: բ¤ ՈՒ այլևս` «Իշտոյա՜նա վիդիտե, կոսմոնա՜վտա վիդիտե»:
-Էդ ով ասաց էդպես:
-«Ագռավն ասաց` վերևից»։ Մամուլն ասաց, ո՞վ ասաց:
-Չէ, անհանգստությունը միշտ կա:
-Այնքան եք անհանգիստ-«վախեցած» եղել, որ մինչև հիմա չի՞ անցնում, պարոն Մանուկյան: Խեղճ Ֆրոյդ ու յուր սուբլիմացիոն «կանոնակարգ»:
-Մենք երբե՛ք վախեցած չենք եղել և մեր գործառույթներով էլ ապացուցել ենք, որ վախեցող չենք:
-Բա ինչի՞ց են էդ անհանգստությունները. գնացիք, պարոն «կոսմոնավտին» տեսաք, նախագահականում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ասացիք «այո» սահմանադրական փոփոխություններին:
-Բոլորն էին գնացել նախագահական, ի՞նչ կա այդտեղ, որ հատուկ ընդգծում եք մեր պարագան: Ինչ վերաբերում է անհանգստություններին, ապա դրանք կապված են բուն աշխատանքների հետ: Հանգիստ է լինում այն մարդը, որի կյանքում ամեն ինչ լավ է:
-Ձեր կյանքում էլ կարծես ամեն ինչ լավ է. ԲՀԿ-ն նորովի ծաղկում է, անգամ խոսվում է Ձեր առաջխաղացման մասին, էն ԲՀԿ-ական «հեղափոխիստ» տղան էլ` Արտակը, որ ասվում էր, իբր ծեծվել է ձեր «հաստատությունում», գաղթեց-գնաց Հայաստանից: Բոլոր մոտիվները կան «չաղ-ուրախ-բախտավոր» լինելու:
-Ի՞նչ կապ ուներ այդ տղան ինձ հետ, ոչ մի կապ նա չուներ ինձ հետ, ես երբեք չեմ հանդիպել իր հետ:
-Իսկ Ձեր և իշխանությունների հարաբերություններն ինչպիսի՞ն են եղել:
-Ե՞րբ:
-Միշտ:
-Միշտ` փոխադարձ հասկացողությամբ:
-Չէ, ասում են` շատ լավ են եղել. իրենց կուլիսներում, երբ խոսում են ձեր մասին, ասում են` «մեր Աբոն»: Ձեզ 2012-ի ընտրությունների ժամանակ այնքան հարգանքով էին «վերաբերվում» նրանք։ «Խե՞ր ըլնի»:
-Ո՞Ւմ` «մեզ»:
-Անձամբ Ձեզ:
-Անձամբ ի՞նձ։ Ես միշտ իմ տեղում եմ եղել և իմ աշխատանքը կատարել եմ առանց ելևէջների:
-Բա ինչո՞վ եք բացատրում հանգամանքը, որ «կուլիսներում» շատ ցանկացան, որ Դուք «կուրացիա» անեք ԲՀԿ-ին, հիմա էլ առաջխաղացման մասին է խոսվում, Հովիկ Աբրահամյանն անձամբ պայքարեց այդ «ուղենիշի» համար, որ Դուք անպայման ֆակտոր լինեք ԲՀԿ-ում:
-Նման բան չի եղել, չկա, Ձեր ինֆորմացիան ճիշտ չէ: Միանշանա՛կ: Հովիկ Աբրահամյանը ընդհանրապես ԲՀԿ-ի աշխատանքներին չի խառնվում:
-Օ՜յ, պարոն Մանուկյա՜ն, եկեք միառժամանակ սենյակից դուրս չգանք, թե չէ դրսում քարերն անգամ կաղաղակեն Ձեր այդ մտքից:
-Ի՞նչ է, կարծում եք վարչապետը բան ու գործ չունի՞, պետք է ԲՀԿ-ո՞վ զբաղվի:
-«Надо, Федя»` ասում էր հայտնի ֆիլմի հայտնի հերոսը: Երբեմն այդպես «ստացվում» է, երբեմն էլ սեփական «փիարն» է անում, նախարար է նշանակում:
-Ո՞Ւմ է նախարար նշանակում։ ԲՀԿ-ի՞ց:
-Չէ։ Արփինե Հովհաննիսյանին:
-Վարչապետն իրականացնում է այն գործառույթները, որոնք իրեն վերապահված են օրենքով և Սահմանադրությամբ լիազորված:
Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ